2026 թվականի մարտի 9-ին Երևանի կենտրոնում՝ Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ, Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարան Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Մեծ Կոբզարի ծննդյան 212-րդ տարեդարձին
Միջոցառմանը մասնակցեցին Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչները, Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի տնօրենը, ուսուցիչներն և աշակերտները, Երևանի ուկրաինական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ուկրաինական և հայկական արվեստի գործիչներ, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներ՝ Ուկրաինայի բարեկամներ։
Միջոցառումը սկսվեց Ուկրաինայի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ, որից հետո տեղի ունեցավ մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ այն հերոսների, ովքեր պայքարել են ուկրաինական և հայկական ժողովուրդների ազատության համար։
Ինստիտուտի ուսանողները պատրաստել էին վառ ծրագիր, որը ներառում էր ուսանողների և դպրոցականների ելույթներ՝ Տ. Շևչենկոյի ստեղծագործություններից մեջբերումներով, որոնք արդիական են մնում նաև այսօր։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, ինստիտուտի տնօրենը՝ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանը, ինչպես նաև նորաստեղծ «Հայաստանի ուկրաինացիների երիտասարդական կազմակերպություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտեմ Համբարձումյանը։
Իր ելույթում Վալերի Լոբաչը ընդգծեց Շևչենկոյի ժառանգության հավերժական արդիականությունը, նրա դերը ազգային ինքնության ձևավորման և ժամանակակից մարտահրավերների պայմաններում ուկրաինական ժողովրդի միասնության ամրապնդման գործում։ Նա նշեց, որ Կոբզարի ստեղծագործությունը ներշնչում է պայքարել ազատության, արդարության և արժանապատվության համար և հանդիսանում է այն բոլոր ժողովուրդների և ազգերի ոգու անսասանության խորհրդանիշը, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունն ու ազատությունը։
Միջոցառումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ դառնալով մեծ ուկրաինացի բանաստեղծի հանդեպ հարգանքի վառ դրսևորում և ամրապնդելով մշակութային կապերը Հայաստանի ուկրաինական համայնքի և Ուկրաինայի տեղական բարեկամների միջև։ Այն ցույց տվեց, թե ինչպես է Շևչենկոյի ժառանգությունը միավորում մարդկանց ազատության, ստեղծագործության և հայրենասիրության ընդհանուր արժեքների շուրջ։
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին՝ արտերկրում ուկրաինական մշակույթի պահպանման և տարածման համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին և ներկաներին՝ Ուկրաինայի հանդեպ համերաշխության և աջակցության համար։