2026 թվականի մայիսի 5-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի 25-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։
Հոբելյանական միջոցառումը համախմբել էր բարձրաստիճան հյուրերի Ուկրաինայից և Հայաստանի Հանրապետությունից։ Արարողությանը պատվավոր մասնակցություն ունեցան Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Նատալիա Հալիբարենկոն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբախը, ինչպես նաև Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Օքսանա Դեսյատնյուկի գլխավորությամբ։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մասնավորապես՝ Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը և Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։ Բացի այդ, միջոցառմանը մասնակցեցին ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան հյուրեր։
Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին շնորհավորական ուղերձներ, որոնցում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ինստիտուտի հիմնադրման պատմությանը, զարգացման կարևոր փուլերին, ինչպես նաև գիտակրթական ոլորտում ունեցած նշանակալի ներդրմանը։
Հոբելյանի շրջանակում ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի հրամանով պարգևատրվեց «Գիտական և կրթական նվաճումների համար» կրծքանշանով։
Տոնական երեկոն իրենց վառ ելույթներով զարդարեցին Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչներ Զարուհի Բաբայանը, Սիլվա Հակոբյանը, Թամարա Ժամհարյանը, Սոնա Շահգելդյանը, ինչպես նաև Սոֆի Դևոյանի հայտնի պարի և ոգու թատրոնը։