2026 թվականի փետրվարի 13-ին, Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Տրնդեզ»( Տրնդեզ/Տյառնընդառաջ) ազգային տոնի ավանդական տոնակատարությունը, որի նպատակն էր պահպանել և տարածել հայկական մշակույթն ու ավանդույթները։
Արդեն երկրորդ տարին է տոնակատարությանը միանում են նաև Ա. Մարգարյանի անվան թիվ 29 և Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցները, Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարանն, ինչը դարձավ կրթական հաստատությունների միջև սերտ համագործակցության վառ հաստատում։
Դպրոցի տնօրեն տիկին Մարիաննա Նավասարդյանի հրավերով միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը և Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչները։
Տոնակատարությունը տեղի ունեցավ դպրոցի բակում։ Բոլոր հաստատությունների աշակերտները մեծ սիրով և ոգևորությամբ պատրաստվեցին տոնին. յուրաքանչյուր դպրոց ներկայացրեց իր թեմատիկ տաղավարը՝ ազգային ուտեստներով, զարդարանքներով և խորհրդանիշներով։ Բակի կենտրոնում վառվեց մեծ խարույկ՝ կյանքի, մաքրագործման և նորացման խորհրդանիշ։ Ծրագիրը ներառում էր կարճ թատերական ներկայացումներ, պարային և վոկալ համարներ։ Խարույկի այրվելուց հետո սովորողները, ուսուցիչները և հյուրերը խորհրդանշականորեն ցատկեցին կրակի վրայով՝ լուսավորելու իրենց ուղին:
Միջոցառումն անցավ ջերմ, բարեկամական և ոգևորիչ մթնոլորտում՝ լի հայկական մշակույթի,ավանդույթների և ընդհանուր արժեքների նկատմամբ խորը հարգանքով։ Ուկրաինայի դեսպանատան մասնակցությունը հայ համայնքի և նրա մշակութային ժառանգության նկատմամբ աջակցության և համերաշխության ևս մեկ դրսևորում էր։