2026 թվականի ապրիլի 8-ին Սևան քաղաքում, «Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ մշակութային-արվեստական միջոցառում՝ նվիրված ուկրաինական պիսանկաների ավանդույթներին։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Սուսաննա Մնացականովան, ինչպես նաև Հայաստանի ուկրաինական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Տոնի գլխավոր հերոսները երեխաներն էին, որոնք առանձնահատուկ ոգևորությամբ պատրաստվում էին Զատկին։ Վարպետության դասի ընթացքում փոքրիկ մասնակիցները զարդարում էին Զատկի ձվերը՝ իրենց աշխատանքների մեջ ներդնելով ջերմություն, ուրախություն և խաղաղության հանդեպ հույսեր։
Միջոցառման ծրագիրը առանձնացավ ուկրաինական և հայկական մշակույթների վառ համադրությամբ․
«Բոխբոչ» մանկապարտեզի սաները (տնօրեն՝ Ծովինար Բադալյան) ներկայացրին հայկական պար և Զատկին նվիրված տոնական երգ։
«Սևան» պարային համույթը (ղեկավար՝ Էլինա Խաչատրյան) հանդիսատեսին ներկայացրեց ուկրաինական պար «Տի ժ մենե պիդմանուլա» երգի ներքո, ինչպես նաև հայկական ժողովրդական «Շալախո» պարը։
Վերականգնողական կենտրոնի երեխաները՝ Մարինա Առուստամյանի ղեկավարությամբ, դաշնամուրով կատարեցին հատված լեգենդար «Անուշ» օպերայից։
Ուկրաինական համայնքի ներկայացուցիչները ընթերցեցին հատվածներ Աստվածաշնչից՝ հիշեցնելով Զատկի տոնի հոգևոր նշանակության մասին։
Բարեմաղթանքի խոսքով ներկաներին դիմեց գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը․
«Զատիկը բարության և վերածննդի ժամանակ է։ Մեր ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը պիսանկաների ստեղծումն է։ Ուկրաինայում յուրաքանչյուր նման ձու խորհրդանիշ է խոր իմաստով․ կարմիրը մարմնավորում է սերն ու կյանքը, դեղինը՝ արևի լույսը, իսկ կանաչը՝ գարնան վերածնունդը։
Չափազանց հաճելի է, որ այստեղ՝ Հայաստանում, մենք տեսնում ենք տոնելու շատ նման ավանդույթներ՝ ընտանիքի և մտերիմների շրջանում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է․ չնայած մենք ներկայացնում ենք տարբեր երկրներ, մեր արժեքները՝ բարեկամությունը, հույսը և ընտանիքը, ընդհանուր են։ Թող այս տոնը բոլորիս բերի ուրախություն և ջերմություն»։
Միջոցառումը դարձավ ևս մեկ վկայություն ուկրաինական և հայկական համայնքների միջև ամուր մշակութային կապերի և միասնության՝ ընդհանուր հոգևոր արմատների շուրջ։