Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մասնակցեց ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար». մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսին:
Կոնֆերանսին արտերկրից մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսը բացեց ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ելույթով հանդես եկավ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ուղերձն ընթերցեց մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ' Արմինիանը:
Կոնֆերանսն իր աշխատանքները կավարտի հռչակագրի ընդունումով, որը համահունչ կլինի կոնֆերանսի հայեցակարգին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի դավանած սկզբունքներին: