Հարցազրույցն «ԱրմԻնֆո» լրատվական գործակալությանը
2013թ. Ուկրաինան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը: ԵԱՀԿ-ում նախագահության գերակայությունների թվում Կիևն արդեն նախանշել է` հակամարտությունների կարգավորումը, վստահության միջոցների ամրապնդումը ԵԱՀԿ տարածությունում, էներգետիկ անվտանգությունը, Եվրոպայի սովորական սպառազինությունների նկատմամբ վերահսկողության սկզբունքների շուրջ երկխոսությունը: Գործնականում բոլոր այս հարցերն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Հարավային Կովկասի հետ: Ի՞նչ նոր բան է մտադիր ներմուծել ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինան հարցերից յուրաքանչյուրի առնչությամբ: Ի՞նչ նոր մոտեցումներ ու սկզբունքներ կդրվեն այդ խնդիրների առաջխաղացման հիմքում:
Ինչպես հայտնի է, 2013 թ. սկզբից Ուկրաինան ստանձնել է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունում նախագահությունը, ինչպես ԵԱՀԿ-ն է, և նախանշել այդ ժամանակահատվածում մեր պետության արտաքին քաղաքականության գերակայությունները: Ուկրաինական կողմի համար դա շատ կարևոր և պատասխանատու առաքելություն է, և այսօր մեր պետության ողջ արտաքին քաղաքականությունն ուղղված է այդ որակում որոշակի դրական արդյունքների ձեռքբերմանը:
Ուկրաինայի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն արդեն բազմիցս հնչեցրել է մեր նախագահության հիմնական գերակայությունները, և առաջնահերթ խնդիրների թվում է ԵԱՀԿ տարածությունում ձգձգվող հակամարտությունների կարգավորման ուղիների որոնումը: Մասնավորապես` մերձդնեստրյան, որում Ուկրաինան հանդես է գալիս որպես միջնորդ, և ղարաբաղյանը`հավատարիմ մնալով այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին:
Նախանշված նպատակների իրականացման գործում կարևոր տեղ կզբաղեցնեն նաև շրջակա միջավայրի վրա էներգետիկ գործունեության ազդեցության, մարդկանց առևտրի խնդիրները, խոսքի և ԶԼՄ-ների ազատության ամրապնդումը, «Հելսինկի + 40» գործընթացին աջակցությունը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի`որպես ԵԱՀԿ նախագահ, մասնակցությանը Հարավային Կովկասի տարածքում տեղի ունեցող գործընթացներին, համաձայն պետության ղեկավարների հայտարարությունների, ուկրաինական կողմն առավելագույն ջանք կգործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին աջակցման համար: Մեր պետությունն առաջվա պես կողմնակից է այդ հարցի` բացառապես շահագրգիռ բոլոր կողմերի բանակցությունների ճանապարհով և միայն խաղաղ պայմաններով հանգուցալուծմանը:
Այդ նպատակով 2013թ. առաջին կիսամյակում նախատեսված է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարի պաշտոնական այցը Երևան` պետական բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ անցկացնելու և ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հնարավոր ձեռքբերման նպատակով:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ուկրաինայի համագործակցության մակարդակը միջազգային այլ հարթակներում «Արևելյան գործընկերություն» ԱՊՀ` հաշվի առնելով, որ թե՜ Ուկրաինան, թե’ Հայաստանն իրականացնում են համանման արտաքին քաղաքական բազմավեկտոր, փոխլրացնող քաղաքականություն:
Հարյուրամյակներ շարունակ մեր պետությունների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություներն ինչպես երկկողմ դիվանագիտության, այնպես էլ մեր երկու պետությունների միջև բազմակողմ կապերի ներկայիս զարգացման հուսալի հիմք են:
Նման հարաբերությունների հաջող զարգացման վկայությունը վերջին ժամանակներս մեր քաղաքական գործիչների, դիվանագետների, գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումների քանակն է, ինչպես նաև ոչ կառավարական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մակարդակով համագործակցությունը:
Ինչ վերաբերում է ԱՊՀ և ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մակարդակով փոխգործակցությանը, ապա այն ևս ավանդաբար շարունակում է ակտիվ մնալ` այն պահից ի վեր, երբ մեր պետություններն իրենց համար որդեգրեցին արտաքին քաղաքականության ուղեգիծ` եվրոպական չափանիշներին ու կենսամակարդակին, ինչպես նաև ԱՊՀ ավանդական գործընկեր պետությունների հետ ակտիվ համագործակցության հասնելու նպատակով:
Դեռ 2011 թվականին ՀՀ նախագահի Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ընթացքում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանն առավելագույնս աջակցելու վերաբերյալ հայտարարություն արեց: Համաձա՞յն է արդյոք պաշտոնական Կիևն այն բանին, որ ԵԱՀԿ ՄԽ ներուժը դեռ չի սպառվել:
Ինչպես արդեն նշել եմ, ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության գերակայություններից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքներին աջակցելն է` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում կողմերին աջակցությանը: Դա բազմիցս հաստատվել է երկկողմ հանդիպումների ժամանակ` ինչպես մեր պետությունների նախագահների մակարդակով, այնպես էլ Ուկրաինայի և Հայաստանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակներով բանակցությունների ժամանակ: Ներկա փուլում կարևորը հակամարտող կողմերի միջև երկխոսության պահպանումը և շարունակումն է: Այդ պատճառով, չենք կարծում, թե այն մեխանիզմները և առաջարկները, որոնք մշակվել և առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, այս կամ այն չափով սպառել են իրենց: Այլ հարց է կառուցողական երկխոսություն վարելու կողմերի երկուստեք ցանկությունը` հակամարտության վերջնական կարգավորման նպատակով: Ուկրաինայի դիրքորոշումը շարունակում է անփոփոխ մնալ. մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անցկացվող գործընթացի բոլոր մասնակիցների բանակցությունների շրջանակներում բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Ուկրաինայի և Հայաստանի միջև արդյո՞ք քննարկվում է խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության հարցը` հաշվի առնելով այն մեծ ներդրումը, որն ունեցել է «Յուժտեպլոէներգոմոնտաժ» ընկերությունը ՀԱԷԿ առաջին բլոկի կառուցման գործում: Չե՞ք կարծում արդյոք, որ այդ համագործակցությունը կարող էր երկու երկրների հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի վրա դնել:
Ուկրաինայի և Հայաստանի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության ուղիների որոնման հարցն, անշուշտ, առաջնահերթ խնդիր է մեր աշխատանքի համար: Այդ հարցերը, մասնավորապես`խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը նույնպես ուշադրության կենտրոնում էին Տնտեսական համագործակցության ուկրաինա-հայկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի` 2012թ. նոյեմբերի 19-ին Երևանում կայացած 6-րդ նիստի ժամանակ:
Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն, իհարկե, չի համապատասխանում դրանց ներուժին: Ցավոք, պետք է փաստել, որ մեր երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցությունը գործնականում սահմանափակվում է միայն առևտրով` չնայած մենք կարող էինք երկկողմ փոխգործակցություն զարգացնել տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես` մեքենաշինությունում և էներգետիկայում:
Ուկրաինական ձեռնարկությունները շահագրգռված եմ ԱԷԿ, ՋԷԿ և ՀԷԿ համար էներգետիկ սարքավորման մատակարարումների, ինչպես նաև Հայաստանի գործող էներգետիկ օբյեկտների արդիականացման և նորերի կառուցման գործում: Այդ հարցն այժմ քննարկվում է Հայաստանի կողմից:
Կարծում ենք` էներգետիկ ոլորտում կոոպերացիայի գոյություն ունեցող հնարավորությունների իրացումն, անշուշտ, զգալիորեն կնպաստի մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմանը:
http://www.arminfo.info/index.cfm?objectid=FDC08850-8126-11E2-BF79F6327207157C